Աղբիւր՝ www.hyeli.com
«Արմենպրէս» լրատւական գործակալութեան Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացւող «Ականատեսը» յատուկ նախագիծը շարունակւում է ընթերցողին ներկայացնել 1915 թուականի ոճրագործութեան ականատես-վերապրողների յուշերը:
Արմաւիրի մարզի Արմաւիր քաղաքի բնակիչ, 1914 թուականին Կարսում ծնւած Եպրաքսի Գեւորգեանը մէկն է այն հազարաւորներից, ում համար ցեղասպանութիւնն անմիջականօրէն ասոցացւում է մանկատանն անցկացրած երկար ու ձիգ, բայց իր գնահատմամբ նաեւև մարդկային ջերմութեամբ լեցուն տարիների հետ:
«Ես ծնւել եմ Կարսի շրջանի Լալոյի Մաւրակ գիւղում: Չորս հօրեղբայր ունէի, պապ, տատ: Ամէն ինչ ունէինք: Կով ունէինք, ոչխար, հողամաս, բալա ջան, ամէն ինչ էլ կար..»,- տան բակում նստած այսպէս է վերյուշը սկսում պատմութեան հերոսուհին:
Կարսից նա գաղթել է Աշտարակ, ապա Եղւարդ, յետոյ Ալեքսանդրապոլ (ներկայում` Գիւմրի), որտեղից էլ ճակատագրի բերմամբ յայտնւել է ամերիկեան մանկատանը: Յատուկ ոգեւորութեամբ է յիշատակում յեղափոխական, պետական գործիչ Ասքանազ Մռաւեանի դրական վերաբերմունքը կոտորածներից մազապուրծ եղածների հանդէպ: «Թուրքի, պատերազմի մասին խօսելիս իմ աչքերը լցւում են..: Երանի, որ չէք տեսել»,- ասել է շուտով 100-ը բոլորել պատրասւող ականատեսը: «Պապիկիս, հօրս սպանեցին: Մեզ ասում էին պահ մտէք քարափներում, որ բան չլինի: Քեռիս ինձ տարաւ մանկատուն`ամերիկական մանկատուն»,- յստակեցնում է զրուցակիցը: Նա յիշում է` ամերիկացիները շատ լաւ էին իրենց խնամում: Կերակրում էին, հագցնում, շաբաթը երեք անգամ էլ տանում բաղնիք:
«Յովհաննէս Շիրազի, Թադեւոս Կարապետեանի հետ մի դասարանից էինք: Շատ լաւ էին մեզ պահում նաեւ ուսումով»,- ասում է ականատեսը` վարժ մէջբերելով նաեւ մանկատան տարիներից իրեն որպէս յուշ մնացած խօսքեր եւ արտայայտութիւններ:
Մանկատան տարիներից պատկերաւոր յիշում է Լենինի հետ կապւած պատմութիւններն ու նրա մասին բանաստեղծութիւնները. «Ընկեր Լենին, հանգիստ իջի գերեզման, բայց իմացի, որ նոր աշխարհը քո ուղով կգնայ»:
Եւս մի քանի տարի մանկատանը անցկացնելուց յետոյ, երբ արդէն շուրջ 14-15 տարեկան էր, հետաքրքիր հանգամանքներում նրան գտնում է հօրաքոյրը, ում հետ բնակութիւն է հաստատում այժմեան Շիրակի մարզի Անիպեմզա գիւղում: Պատմութեան հերոսուհին յիշում է, որ ամուսնանում է լենինականցի Բալադ անունով երիտասարդի հետ դեկտեմբերի 29-ին, սակայն, ի տարբերութիւն ամուսնութեան օրւայ, տարեթիւը ստոյգ չի մտաբերում: Նրանք ունենում են ինը երեխայ` հինգ տղայ եւ չորս աղջիկ: Միայն չորսն են այժմ ողջ:
Ամուսնութեան հետ կապւած յիշում է հետաքրքիր մի դրւագ: Ամուսնու համար թւաբանութիւն պարապելու համար ուսուցիչ են վարձում: Եպրաքսին, հետեւելով դասին, տեսնում է, թէ ինչպէս ուսուցիչը չի կարողանում գտնել մի թւաբանական գործողութեան` կոտորակի լուծումը, մինչդեռ նա կարողանում է արագ լուծել խնդիրը: Կէս կատակ-կէս լուրջ նշում է, որ մանկատանը ստացած գիտելիքներն իրեն մշտապէս օգնել են ամբողջ կեանքում: «Ամուսնուս մարդ դարձրի»,- կէս կատակ-կէս լուրջ շարունակում է պատմութիւնը:
Թուրքերի հանդէպ բացայայտ հակակրանք ունեցող տարեց կինը գտնում է, որ Հայոց ցեղասպանութիւնը մինչեւ այժմ չի ճանաչւել հէնց աշխարհաքաղաքական «խառնակչութիւնների» պատճառով: «Հայն աշխատեց, թուրքը լծեց բեռները»,- ասում է Եպրաքսին` մեզ հետ զրոյցը եզրափակելով մանկատան «Լուսին եկաւ էն սարից» բանաստեղծութեամբ: Նա, չնայած առողջական խնդիրներին, սիրում է դիտել հեռուստացոյց, հետեւել գյիւղում եւ նրա սահմաններից դուրս կատարւող իրադարձութիւններին: